Էմալե պրոֆիլը ձեր

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ։
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր։
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ։

Երբ ես տեսնում եմ Ձեզ —
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել։
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՜ւց հանգած՝
Սպասում են լույսի։
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր։

Եղիշե չարենցը «Էմալե պրոֆիլից ձեր »բանաստեղծությունը նկարագրել է շատ գեղեցիկ ,ոգևորող և ռոմանտիկ կերպով:Չարենցը այս բանաստեղծության մեջ նկարագրում է մի գեղեցիկ աղջկա նաև նշում է այդ աղջկա գեղեցիկ դիմագծերը:
Հարց է առաջանում թե ում է այդ բանաստեղծություն նվիրված: Չարենցը այս բանաստեղծություն նվիրել է Արմենուհի Տիգրանյանին:  Սերն ամենևին անպատասխան չի եղել։ Այդ մասին են վկայում 1964 թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա. Տիգրանյանի մոտ։

Оставьте комментарий